Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն:
Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:
Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Զվարճախաղերից առավել տարածված էին վեգը, ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:
Բարեկենդանի խոհանոց
Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:
Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:
Բխբխիկ
Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:
Սըռոն
Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել: